Արտաքին ճնշումը թույլ չի տալիս երկարաժամկետ լուծման հասնել, հայտարարել է Էշթոնը - Mediamax.am

4832 դիտում

Արտաքին ճնշումը թույլ չի տալիս երկարաժամկետ լուծման հասնել, հայտարարել է Էշթոնը


Շտեֆան Ֆյուլե եւ Քեթրին Էշթոն
Շտեֆան Ֆյուլե եւ Քեթրին Էշթոն

Լուսանկարը` http://www.neurope.eu


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ Եվրոպական Միությունում հասկանում են Մաքսային միության մեջ հնարավորինս մեծ թվով երկրներ ընդգրկելու Ռուսաստանի ցանկությունը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այդ մասին գրել է այսօր Կոմերսանտ թերթում հրապարակված «Բավական է քննարկել ազդեցության ոլորտները» հոդվածում: Էշթոնի հոդվածը հանդիսացել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` փետրվարի 13-ին հրապարակված «ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ընկալմամբ, ուկրաինացիների փոխարեն արդեն արվել է «ազատ» ընտրություն» հոդվածի պատասխանը:  

 

«Մաքսային միությունում հնարավորինս մեծ թվով երկրներ ընդգրկելու Ռուսաստանի ցանկությունը կարեւոր գործոն է: Մենք հասկանում ենք այդ ցանկությունը: Եվ կարծում ենք, որ այն երկրները, որոնք արդեն անդամակցում են Մաքսային միությանը, նույնպես կշահեն ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերից: Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է հարգել այս կամ այն երկրի ռազմավարական որոշումը. այն պետությունները, որոնք կարող են ապագայում անդամակցել Մաքսային միությանը, պետք է դա անեն սեփական կամքով»,- նշել է Քեթրին Էշթոնը:

 

«Պատմությունը եւ փորձը մեզ ասում են, որ արտաքին ճնշումը ոչ միայն անընդունելի է, այլեւ թույլ չի տալիս երկարաժամկետ լուծման հասնել: Գագաթնաժողովում մենք դա պնդում էինք նաեւ Մոլդովայի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունների համատեքստում: Ուկրաինայում տիրող իրավիճակը դրա կարեւորագույն ապացույցն է: Ուկրաինայի նախագահի դիրքորոշման անսպասելի փոփոխությունը ԵՄ-ի հետ ասոցացման մասին հնգամյա բանակցություններից հետո հանգեցրեց երկրում ամենախորը ճգնաժամին անկախացման պահից ի վեր, քանի որ այդպիսով հօդս ցնդեցին միլիոնավոր ուկրաինացիների հույսերը ԵՄ-ի հետ առեւտրի ընդլայնման, ինչպես նաեւ ավելի արդյունավետ կառավարման եւ կենսամակարդակի բարելավման վերաբերյալ», - գրել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին