Քաղաքացիական հասարակությունը իշխանությունից հիմնավորումներ է պահանջում է ՄՄ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ - Mediamax.am

2494 դիտում

Քաղաքացիական հասարակությունը իշխանությունից հիմնավորումներ է պահանջում է ՄՄ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ


Բորիս Նավասարդյանը
Բորիս Նավասարդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն այսօր իր անհամաձայնությունը եւ «խորը վրդովմունքն» է հայտնել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու եւ Եվրասիական միության ձեւավորման գործընթացին մասնակցելու ՀՀ նախագահի հայտարարության կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ազգային պլատֆորմի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է, որ «Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ միանալ Մաքսային միությանը` ի վնաս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, հակասում է իրենց իսկ կողմից եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն հռչակող բազմաթիվ հայտարարություններին»:

 

«Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը, որն ունեցավ նման հետեւանքներ, անվերականգնելի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկին եւ համբավին` որպես վստահության արժանի գործընկերոջ:

 

Ոչ մի քննադատության չեն դիմանում մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչների, քաղաքական գործիչների եւ որոշ՝ չափից ավելի հավատարիմ փորձագետների պնդումները, ովքեր ջանում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալման մեղքը բարդել Բրյուսելի ուսերին: Մենք ամբողջովին հիմնավորված եւ բնական ենք համարում առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի՝ մոտ 80 տոկոսով կրճատված փաստաթուղթը Եվրոպական միության կողմից չդիտարկելու որոշումը, քանի որ այդ նոր մոտեցման շուրջ նույնիսկ նախնական խորհրդակցություններ եւ բանակցություններ չեն վարվել»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ազգային պլատֆորմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների համար չափազանց անհամոզիչ են հնչում նաեւ տնտեսական հաշվարկների եւ անվտանգության հետ կապված ռիսկերի վերաբերյալ գնահատականները:

 

«Եթե նման մտայնությունները կարող էին արգելք հանդիսանալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհին, ապա դրանք պետք է հայտնի դառնային եւ դիտարկվեին բանակցությունների ավարտից շատ ավելի վաղ: Այս դեպքում նախընտրությունը, որը Երեւանի կողմից տրվեց Մաքսային միությանը, բոլոր միջազգային գործընկերների եւ Հայաստանի հասարակության կողմից կընկալվեր՝ որպես առավել արժանի եւ ընդունելի, այնինչ այսօր բոլոր հիմքերը կան՝ խոսելու ազգային նվաստացման մասին»,- նշված է հայտարարության մեջ:

 

Ազգային պլատֆորմի ներկայացուցիչները վստահ են, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել հասարակությանը Ասոցացման համաձայնագրի բովանդակության եւ առավելությունների, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրացիայի մասին իրազեկելու ուղղությամբ:

 

«ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք սեղմ ժամկետներում տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել եւ հրավիրել արտահերթ նիստ, որը գնահատական կտա ՀՀ նախագահի  հայտարարությանը: ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Հրազդան» հյուրանոցում, ժամը 14:00-17:00 կայանալիք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին եւ ներկայացնելու նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հիմնավորումները՝ Մաքսային միությանը միանալու եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ»,- նշել են պլատֆորմի ներկայացուցիչ կազմակերպությունները:

 

Վերջիններս համոզմունք ենք հայտնել, որ  «իրավիճակը հնարավոր է շտկել միայն հասարակության առողջ եւ ոչ անտարբեր ուժերի համախմբմամբ եւ քաղաքացիական ակտիվությամբ:

 

«Անկախ մոտակա ամիսների զարգացումներից, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին առավելագույն արդյունավետությամբ նպաստելու իր առաքելությանը եւ բոլոր համախոհներին հրավիրում է սերտ համագործակցության»,- ասված է ազգային պլատֆորմի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին