Ռուբեն Վարդանյանին Բաքվում դատապարտել են 20 տարվա ազատազրկման - Mediamax.am

Փետրվար 17, 2026
249 դիտում

Ռուբեն Վարդանյանին Բաքվում դատապարտել են 20 տարվա ազատազրկման


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Բաքվի դատարանն այսօր հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման:

 

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել էր փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ 

 

«Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով՝ փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետեւ տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որեւէ հնարավորություն չի եղել։ Ուստի, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը չներկայացրեց որեւէ փաստարկ կամ հիմնավորում: 

 

Իսկ ես խոսեցի շատ կարճ։ Չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին», - ասել է Վարդանյանը:

 

«Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։ 

 

Դատին ասել ու երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել. Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա եւ կլինի։ 

 

Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել եւ ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում։ Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին եւ ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, եւ որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ։ 

 

Ես նաեւ ասացի, որ երջանիկ եմ այստեղ` այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որեւէ պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, որովհետեւ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատաստան։ Եվ, ցավոք, նրանք չօգտագործեցին առիթը, չօգտվեցին դատական նորմալ գործընթաց անցկացնելու հնարավորությունից, որը թույլ կտար իսկապես երկարաժամկետ խաղաղության հիմք դնել։ Դրա փոխարեն նրանք կազմակերպեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, որեւէ մեկին որեւէ օգուտ չտվեց, եւ առաջին հերթին՝ հենց ադրբեջանական պետությանը։ Վստահ եմ», - ասել էր Ռուբեն Վարդանյանը:




Մեր ընտրանին