Ջեյ Դի Վենս. «Շատ հպարտ եմ խոսել TRIPP-ի մասին» - Mediamax.am

Փետրվար 10, 2026
132 դիտում

Ջեյ Դի Վենս. «Շատ հպարտ եմ խոսել TRIPP-ի մասին»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին Երեւանում արված հայտարարություններում հատուկ ուշադրություն են դարձրել TRIPP նախագծին:

«Ես շատ հպարտ եմ խոսել TRIPP-ի մասին։ Այն պատմական վերափոխում է բերելու տարածաշրջան։ Այն բացելու է առեւտրի, տարանցման եւ էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում, եւ այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաեւ կարեւոր է երկարատեւ խաղաղության համար». – ասել է ԱՄՆ փոխնախագահը:

 

Ջեյ Դի Վենսն ասել է, որ «TRIPP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում եւ այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար եւ թույլ կտա կառչած մնալ խաղաղության համաձայնագրից»: 

 

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է. 

 

«Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը, բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ նշանակություն՝ զարգացնելով Արեւմուտքից Արեւելք անխոչընդոտ հաղորդակցությունը։ 

 

Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ 

 

Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաեւ տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները՝ որպես Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարեւորություն ունի նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության՝ իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին