Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը հայտարարել է, որ «Հայաստանի ղեկավարությունը առանց երկիմաստության ազդարարում է Եվրամիության հետ առավելագույն մերձեցման շահագրգռվածության մասին»:
«Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում այլ պետությունների՝ ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ինքնիշխան իրավունքին, մանավանդ՝ իրենց բնակչության տնտեսական զարգացման եւ բարեկեցության բարձրացման լրացուցիչ հնարավորություններ ստանալու ցանկությանը: Սակայն Բրյուսելի՝ Ռուսաստանի հետ առճակատման ռազմավարական գծի եւ ԵՄ-ի՝ ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի արագ վերածվելու համատեքստում Հայաստանի հետաքրքրությունը այդ կազմակերպությանը անդամակցելու նկատմամբ չի կարող մեզ մոտ անհանգստություն չառաջացնել», - ասել է ռուսաստանցի դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման պոտենցիալ բացասական հետեւանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Փաստը մնում է փաստ՝ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում միաժամանակյա անդամակցությունը սկզբունքորեն անհնար է: Արդեն հիմա Բրյուսելը ակտիվորեն պարտադրում է Երեւանին քաղաքականորեն պայմանավորված անցում դեպի իր ստանդարտները, ինչը սկզբունքորեն հաշվի չի առնում այս հանրապետության՝ ԵԱՏՄ-ում անդամակցությունը եւ դրա հետ կապված պարտավորությունները:
Ավելին, որոշակի փուլում Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից համերաշխություն պահանջել իր արտաքին քաղաքական գծի հետ, որն այսօր բացահայտորեն հակառուսական բնույթ է կրում: Հույս ունեմ նաեւ, որ Երեւանում գիտակցում են, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների կատարումը չի երաշխավորում ԵՄ անդամակցությունը: Դա հստակ ցույց է տալիս Արեւմտյան Բալկանների պետությունների օրինակը, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կանգնած են «Եվրամիություն մտնելու հերթում»», - նշել է Վլադիսլավ Մասլենիկովը:














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: