Քրիստինա Քվինը ներկայացրել է նորությունները «Թրամփի ուղու» վերաբերյալ - Mediamax.am

Դեկտեմբեր 10, 2025
162 դիտում

Քրիստինա Քվինը ներկայացրել է նորությունները «Թրամփի ուղու» վերաբերյալ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ասել է, որ ««Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առեւտրային ճանապարհներ եւ նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ»։

ԱՄՆ դեսպանության կայքում այսօր հրապարակվել է դեսպանի ելույթը, որը նա ունեցել էր դեկտեմբերի 8-ին՝ Հայ-ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նիստում:

 

Քրիստինա Քվինն ասել է, որ ««Թրամփի ուղին» ոչ  միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլեւ Հայաստանին հնարավորություն է տալիս ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար»։ 

 

«Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածություններ բանակցել, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի եւ սպառողների համար», - ասել է դեսպանը:

 

Քրիստինա Քվինը նկատել է, որ «տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ մեր աշխատանքը սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն այն սոսկ դրանով չի սահմանափակվում»։  

 

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արեւելք-Արեւմուտք կոմերցիոն օղակներում։ Իրականացման ուղղությամբ մեկ այլ ձեռքբերում էր վերջերս արված հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից 145 միլիոն ԱՄՆ դոլար նոր ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այս միջոցների գերակշիռ մասը կուղղվի «Թրամփի ուղու» աշխատանքներին եւ սահմանների անվտանգության եւ կառավարման բարելավմանը։

 

Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ ձեւավորելու «Թրամփի ուղու» եւ հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։

 

Առաջինը՝ ձեւավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են եւ մինչեւ տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։

 

Երկրորդը՝ «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձեւավորումն է։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին