Երեւան: Մեդիամաքս: Ստամբուլում այսօր հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները:
Հայաստանի Ազգային ժողովի լրատվական ծառայությունից հայտնել են, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները պայմանավորվել էին հոկտեմբերի 21-ին Ժնեւում:
«Կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջեւ կառուցողական երկխոսության կարեւորությունը»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
















