Բելառուսի ընդդիմադիր գործիչը հանդիպել է Փաշինյանի հետ - Mediamax.am

Մարտ 04, 2026
1078 դիտում

Բելառուսի ընդդիմադիր գործիչը հանդիպել է Փաշինյանի հետ


Լուսանկարը` https://tsikhanouskaya.org/


Երեւան: Մեդիամաքս: «Բելառուսի Միացյալ անցումային կաբինետի» ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան Փարիզում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տիխանովսկայայի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Սվետլանա Տիխանովսկայան կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ Եվրանեսթին հրավիրելու համար, որին այս անգամ չի կարողացել մասնակցել, եւ ցանկություն է հայտնել ապագայում այցելել երկիր։ Նա աջակցություն է հայտնել Եվրոպական Միության հետ մերձենալու Հայաստանի ջանքերին։ Տիխանովսկայան նշել է, որ բելառուսները համերաշխ են հայ ժողովրդի հետ»։

 

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը Սվետլանա Տիխանովսկայայի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն չի հայտնել։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սվետլանա Տիխանովսկայան չի կարողացել մասնակցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին Երեւանում, քանի որ Լիտվայի իշխանությունները, որտեղ նա բնակվում է, հրաժարվել են նրան թիկնապահ տրամադրել։

 

Տիխանովսկայայի կայքում հաղորդվում է, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանում մասնակցել են «Բելառուսի Միացյալ անցումային կաբինետի» հինգ ներկայացուցիչներ։




Մեր ընտրանին