Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում «ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, սակայն մենք չենք կիսում այդ օրակարգը»։
«Խաղաղության պայմանագրի հատվածը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի եւ իմ կողմից։ Մենք պատրաստ ենք. այժմ այն նախաստորագրված է, եւ մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչեւ ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը:
Խոսելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) մասին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ «Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը»։
«Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել եւ այնուհետեւ շահագործել նաեւ խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլն։ Բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջեւանի տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայում նման երկաթուղային կապ գոյություն չունի»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ օրերս Հայաստան էր ժամանել Միացյալ Նահանգներից պատվիրակություն եւ նրանց հետ միասին «պետք է համաձայնեցնենք անցուղու եւ այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները»։
«Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տեւել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերը, որովհետեւ, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։
Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: