Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես հնարավոր «ռազմավարական ակտիվ» - Mediamax.am

628 դիտում

Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես հնարավոր «ռազմավարական ակտիվ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը կարող է Թուրքիայի համար «ռազմավարական ակտիվ» դառնալ։

Այդ մասին գրում է Եվրասիական հետազոտությունների թուրքական կենտրոնի գիտաշխատող Թեոման Էրթուղրուլ Թուլունը՝ «Փաշինյանի այցը. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր պարամետրերը» հոդվածում։

 

Մեկնաբանելով հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակը՝ հեղինակն ասում է.

 

«Կողմերի որդեգրված «առանց նախապայմանների» մոտեցումը պետք է պահպանվի եւ ամրապնդվի՝ թույլ տալով կենտրոնացված եւ տեխնիկական երկխոսություն վարել փոխշահավետ հարցերի շուրջ: Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը պետք է զարգանա զուգահեռաբար, քանի որ Թուրքիան հասկացրել է, որ լիակատար կարգավորումը կախված է Հարավային Կովկասում կայուն եւ համապարփակ կարգավորումից։

 

Արտաքին դերակատարները, մասնավորապես, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, պետք է կառուցողական մոտեցում դրսեւորեն՝ խրախուսելով թափանցիկությունը եւ խթանելով կայուն ներգրավվածությունը՝ առանց կոշտ շաբլոններ պարտադրելու», - նշել է Թուլունը։

 

«Թուրքիայի տեսանկյունից կայուն Հայաստանը ոչ միայն դիվանագիտական նվաճում է, այլեւ ռազմավարական ակտիվ։ Այն ավելի դյուրին կդարձնի տարածաշրջանային առեւտրային միջանցքները, կամրապնդի Թուրքիայի առաջատար դերը Հարավային Կովկասում եւ կնպաստի խաղաղ, փոխկապակցված Եվրասիայի երկարաժամկետ տեսլականին։ Հայաստանի համար կարգավորումը հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից եւ վերաիմաստավորել իր դերը արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում։ Ռիսկերն իրական են, գործընթացը փխրուն է մնում, սակայն  ներկայիս պահը, հնարավոր է, ամենախոստումնալիցն է վերջին տասնամյակների ընթացքում», - եզրափակում է հեղինակը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին