Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա - Mediamax.am

Մարտ 03, 2026
4633 դիտում

Էրդողանը Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա։

Հրավերը փոխանցվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

 

«Քննարկվել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի քայլեր ձեռնարկել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն ամրապնդելու համար տարբեր ուղղություններով, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

 

Նշելով, որ ինքն աջակցում է նախագահ Թրամփի՝ պատերազմները դադարեցնելու ցանկությանը, Էրդողանը երախտագիտություն է հայտնել Իրանի հետ բանակցային գործընթացը պահպանելու եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

 

Ընդգծելով, որ Գազայում մարդասիրական ճգնաժամը հասել է սպառնալից մասշտաբների, Էրդողանը հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը Գազա պետք է անխափան մատակարարվի: Նա ավելացրել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել զինադադարի հաստատմանը եւ կայուն խաղաղության ապահովմանը:

 

Նշելով, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ կայունություն ապահովելու ուղղությամբ, Էրդողանն ասել է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները թուլացնելու համար ԱՄՆ նախաձեռնությունները կնպաստեն այս գործընթացին», - ասվում է հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին