Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կարծիքով, «եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որը Երեւանը ներկայում ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ»։
«Դա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար: Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ նա կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից»,- ասել է դիվանագետը «Известия»-ին տված հարցազրույցում։
«Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրում, թե՞ ԵԱՏՄ-ի միջոցով եվրասիական ինտեգրմանը մասնակցելու շարունակություն։ Այս մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին տարում այն կազմել է մոտ 6%»,- նշել է Գալուզինը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «նույնիսկ այսօր ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ»։
«Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի՝ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Նրանք Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու եւ մեր երկիրը թուլացնելու մոլագար հիվանդագին ցանկություն ունեն՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանն ուղղված, խաղաղության հասնելու ցանկացած գործողություն արգելափակելու, Ռուսաստանի եւ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գծով բոլոր գործընկերների միջեւ սեպ խրելու միջոցով: Պաշտոնական Երեւանում, հուսով եմ, տեսնում են այս իրավիճակը եւ դրան համապատասխան գնահատական են տալիս», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: