Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունները Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտելու վերաբերյալ։
Այդ մասին ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարության մեջ։
«Մենք բարձր ենք գնահատում երկու կողմերի հետեւողական աշխատանքն այս ուղղությամբ վերջին մի քանի տարիների ընթացքում՝ ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի գործողությունները, որոնք թույլ տվեցին համաձայնեցնել տեքստը։
Այս հայտարարությունները վճռական քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ։ Չափազանց կարեւոր է պահպանել այս դինամիկան եւ ապահովել գործընթացի հաջող ավարտը՝ երկու կողմերի փոխզիջումային մոտեցմամբ։
ԵՄ-ն լիապես աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն եւ փորձագիտական օգնություն, եթե կողմերը դա հայցեն», - ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: