Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան երբեք չի ընդունի Ուկրաինայում հակամարտության լուծումից հետո ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը խաղաղապահ առաքելության շրջանակում։
«Դա սպառնալիք է Ռուսաստանի համար»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներին տված հարցազրույցում։
«Դա այն չէ, ինչ պահանջվում է պատերազմն ավարտելու համար, որը Արեւմուտքը մղում է մեր դեմ ուկրաինացիների միջոցով՝ իրենց զինվորականների անմիջական մասնակցությամբ։ Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումն առնվազն Թրամփի կողմից ճանաչվի որպես հիմնական պատճառներից մեկը, ապա ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ուկրաինական հողում ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով նույն սպառնալիքն է մեզ համար»,- Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեջբերում է Լավրովի խոսքերը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի Ուկրաինայում օտարերկրյա կոնտինգենտի տեղակայմանը։
Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիրը պատրաստել են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Նախատեսվում է, որ մինչեւ 30 հազար եվրոպացի զինծառայողներ կպաշտպանեն Ուկրաինայի ենթակառուցվածքները, քաղաքներն ու նավահանգիստները։ Այդ նպատակով Լոնդոնն ու Փարիզը Վաշինգտոնից սահմանափակ ռազմական օգնություն են խնդրել, սակայն Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախ պետք է խաղաղության համաձայնություն ձեռք բերել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: