Ադրբեջանը Հայաստանից սպասում է «հիմնական խոչընդոտի» վերացմանը - Mediamax.am

454 դիտում

Ադրբեջանը Հայաստանից սպասում է «հիմնական խոչընդոտի» վերացմանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կվերացնի կարգավորման «հիմնական խոչընդոտը»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ «պատասխանելով Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններին»։

 

«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով, մասնավորապես՝ երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ։ Այս պահին մենք սպասում ենք, որ Հայաստանը կվերացնի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով իրավական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից»,- նշել է նա։

 

Մեդիամաքսը նշում է, որ փետրվարի 24-ին ելույթ ունենալով Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռեւս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարեւանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին միջազգային սահմաններ երկու անկախ հանրապետությունների միջեւ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

 

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմի եւ այլ  համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը եւ քաղաքական կամքի դրսեւորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի եւս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու եւ ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլեւ չենք շեղվելու այդ ուղուց»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին