Արմեն Դարբինյան. Հայաստանը և Ռուսաստանը պետք է սթափ նայեն պատմությանը, ներկային և ապագային - Mediamax.am

exclusive
1248 դիտում

Արմեն Դարբինյան. Հայաստանը և Ռուսաստանը պետք է սթափ նայեն պատմությանը, ներկային և ապագային


Լուսանկարը` sputniknews.ru


Հունվարի 31-ին տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտը թողարկել է «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամը» վերլուծական զեկույցը։

 

Զեկույց ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

 

Մեդիամաքսի առաջարկով Հայաստանի նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի մեկնաբանություններ է ներկայացրել զեկույցի վերաբերյալ:

 

Ռուսական վեկտորի միանշանակ ընտրություն էր

 

Նախքան 2020 թվականի շրջադարձը Հայաստանի քաղաքականությունը «բազմավեկտոր» կարելի է անվանել միայն ռուսական հասարակական գիտակցության մեջ այս թեզը ամրապնդելու քարոզչական նպատակով: Հայկական հասարակական գիտակցության մեջ այն այդպիսին չէր, չէ և չի լինի, նույնիսկ եթե դրա համար բավարար մտավոր ջանքեր գործադրվեն: Հայկական հանրությունը (թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում) բացարձակապես համոզված էր արտաքին քաղաքականության ռուսամետ վեկտորի մեջ մինչև երկրորդ Ղարաբաղյան պատերազմը՝ ռուսական պետական մենաշնորհային ընկերություններին ռեսուրսների անսահմանափակ հասանելիության տրամադրմամբ, հայկական ենթակառուցվածքներում մենաշնորհային դիրքով, ՄԱԿ-ում նույնական քվեարկություններով, ցանկացած արտաքին քաղաքական գործողության ճշտմամբ և թույլտվություն ստանալով, ԱԳՆ-ում և պաշտպանության նախարարությունում պարտադիր կադրային համաձայնեցումներով: Սա մեկ՝ ռուսական վեկտորի միանշանակ ընտրություն էր: Որոշ արևմտամետ «չարաճճիությունները» հաշիվ չեն. և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում բոլորը հիանալի հասկանում էին, որ դրանք որեւէ լուրջ բան չեն հանդիսանում:

 

Դաշնակից, թե՞ միջնորդ

 

Այն, որ Ռուսաստանը չէր ուզում հակամարտության կողմ դառնալ, այլ ցանկանում էր մնալ միայն միջնորդ, Հայաստանում առողջ մտածող և անաչառ վերլուծաբանների մոտ բավականին ամուր կասկածներ էր առաջացնում, որ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության կարգավորում, նրա շահերից է բխում մնալ հավերժական միջնորդի դերում՝ մտրակ ու բլիթ բաժանելով հակամարտության կողմերին (ի դեպ, երեք կողմերին, ոչ թե երկու՝ Ղարաբաղը միշտ առանձին կողմ է եղել, առավել մոտ Ռուսաստանին): Իսկ հայերի գերակշռող մեծամասնության համար Ռուսաստանն ընկալվում էր ոչ թե որպես միջնորդ, այլ հենց դաշնակից, որն առնվազն երաշխավորում է արցախահայության իր հողի վրա ապրելու իրավունքը: Գումարած, իհարկե, բուն հայկական սահմանների անձեռնմխելիությունը:

 

Թեզը քննադատության չի դիմանում

 

Գիտական վերլուծության տիրույթում սխալ է այն պնդումը, որ «Հայաստանն ինքն էլ հակամարտության ուղղակի մասնակից չդարձավ»: Այդ պնդումը պաշտոնական Երեւանի անհաջող փորձն էր՝ հեռու մնալ ռազմական հակամարտությունից՝ օկուպացիոն գործողությունների մեջ չմեղադրվելու համար: Այս թեզը քննադատության չի դիմանում նույնիսկ ձևական տեսանկյունից. ԵԱՀԿ Մինսկի խումբը և այդ խմբի երեք համանախագահները 1999 թվականից բանակցություններ էին վարում միայն Հայաստանի հետ, ոչ թե Ղարաբաղի, հայ զորակոչիկները ծառայություն էին անցնում Ղարաբաղում, Հայաստանը պաշտոնապես հանդիսանում էր ԼՂՀ անվտանգության երաշխավոր:

 

Նրբությունը նախընտրում են չնկատել

 

Զեկույցում կարմիր թելով անցնում է հայերի և Հայաստանի «մշակութային-պատմական ժառանգության», Ռուսաստանի հետ «մշակութային-քաղաքակրթական» ընդհանրության, «Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմադարյա դրական փորձի» թեզը: Այստեղ նրբություն կա, և շատ ափսոս է, որ Ռուսաստանում այս նրբությունը նախընտրում են չնկատել. հայերի մշակութային-պատմական ժառանգությունը ներառում է այսպես կոչված Արևմտյան Հայաստանի հսկայական շերտը, որը Ռուսաստանի հետ այդպիսի ընդհանրություն չունի:

 

ԽՍՀՄ-ը հիանալի օգտագործում էր այս նրբությունը. Արևմուտքում հայկական սփյուռքը հիմնականում Խորհրդային Միության շահերի առաջ մղողն էր և շատ արդյունավետ լոբբիստը: Ցավոք, Ռուսաստանը ներկա պահին կորցրել է այս ակտիվը: Այնուհետև, համատեղ ուղու երկու դարը, այնուամենայնիվ, «բազմադարյա» չեն: Մենք պետք է փոխադարձաբար հրաժարվենք քարոզչական տերմինաբանությունից, սթափ և ազնիվ նայենք պատմությանը, ներկային և ապագային: Կարևոր է նաև հասկանալ, որ Հայաստանում սեփական մշակութային-պատմական ժառանգության «վերագնահատում» տեղի չի ունենում, այլ պարզապես փորձ է արվում հեռանալ գաղափարական կլիշեներից, օբյեկտիվորեն դիտարկել պատմական փաստերը իրենց բազմակողմանիության մեջ: Իսկ դրանք հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, ցավոք, միայն «դրական» չեն: Բավական է հիշել Լենինի և Աթաթուրքի տանդեմը... Դեռ շատ բան կարելի է հիշել:

 

Իրական բազմավեկտորություն

 

Եվ իհարկե, չեմ կարող համաձայնել զեկույցի երկու սցենարների մասին եզրակացության հետ ՝ կա՛մ պետականության կործանում, կա՛մ ռուսական վեկտոր: Մինչդեռ երրորդ սցենարը նշված է հենց զեկույցի վերնագրում՝ դա ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐՈՒԹՅՈՒՆՆ է: Իրական, ոչ թե երևակայական կամ բուտաֆորական, ինչպիսին էր մինչև 2020 թվականը: Ընդ որում, հայ վերլուծաբանների և քաղաքական գործիչների խնդիրն է՝ ցույց տալ և ապացուցել Ռուսաստանի ՕԳՈՒՏԸ հայկական բազմավեկտորությունից (այն կա, և նշանակալի է, տեղ-տեղ՝ նույնիսկ անփոխարինելի), իսկ ռուսաստանցի վերլուծաբանների և քաղաքական գործիչների խնդիրն է՝ ավելի լայն նայել Հայաստանին և համաշխարհային քաղաքականության մեջ հայկական գործոնին և չընկալել դրանք իբրեւ հավելաճուկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին