Ռուսաստանը դեմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հապճեպ փաստաթղթերի» կնքմանը - Mediamax.am

1213 դիտում

Ռուսաստանը դեմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հապճեպ փաստաթղթերի» կնքմանը


Լուսանկարը` iz.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը դեմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հապճեպ փաստաթղթերի» կնքմանը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է.

 

«Մենք կողմ ենք, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը մշակեն խաղաղ պայմանագիր, որը ճանապարհ կհարթեր եւ կնշանակեր հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում, ոչ թե «ական» կտեղադրեր ապագա սերունդների համար։

 

Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին եւ դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արեւմուտքը, որը շատ է ցանկանում Հայաստանին եւ Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու արեւմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված եւ ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, ապագայի համար առճակատման որոշակի սերմեր տնկել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում Հայաստանի, Ադրբեջանի, Հարավային Կովկասի եւ Ռուսաստանի համար։

 

Ցավոք, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքն ընդհատված է եւ, այսպես ասած, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին եւ առաջին հերթին՝ մեր հայ ընկերներին, վերադառնալ աշխատանքին այս խմբի շրջանակներում։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին