Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի վրա ԱՄՆ առավելագույն ճնշման վերականգնման հրամանագիրը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը ստիպված չի լինի «շատ հաճախ կիրառել այն»։
Հրամանագրի գլխավոր նպատակն է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է Վաշինգտոնի կողմից իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված ջանքերի ակտիվացում։
«Մենք չենք ցանկանում կոշտ դիրքորոշում ունենալ Իրանի կամ որեւէ մեկի նկատմամբ, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։
«Նրանք թույլ չեն, այլ շատ ուժեղ են հիմա։ Եվ մենք թույլ չենք տա նրանց միջուկային զենք ունենալ։ Ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է Ամերիկայի ղեկավարը։
«Նրանք շատ արագ շատ ուժեղ դարձան։ Նրանք հսկայական քանակությամբ նավթ վաճառեցին Չինաստանին եւ բոլոր նրանց, ովքեր նավթ չէին գնում, երբ ես նախագահ էի։ Որովհետեւ մենք ասում էինք՝ Իրանից նավթ մի՛ գնեք»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը դրական է պատասխանել Իրանի նախագահի հետ շփումների հնարավորության մասին հարցին։
«Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք պայմանավորվել կամ գործարք կնքել Իրանի հետ»,- նշել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
«Հուսով եմ՝ կկարողանանք հասնել նրան, որ աղետալի իրավիճակ չունենանք։ Չեմ ուզում, որ դա տեղի ունենա։ Ես իսկապես ուզում եմ խաղաղություն տեսնել»,- հայտարարել է Թրամփը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: