Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կրեմլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջեւ։
«Ձեր այսօրվա այցը առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ մենք ոչ միայն հնարավորություն կունենանք քննարկելու մեր համագործակցության բոլոր ոլորտները, այլեւ կստորագրենք Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրը։ Երկար ժամանակ աշխատել ենք դրա վրա, եւ ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքն ավարտված է։ Դա կարեւոր է, քանի որ դա մեզ հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր համագործակցության գործնականում բոլոր ոլորտներին»,- ասել է Պուտինը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Մասուդ Փեզեշքիանը, մասնավորապես, ասել է.
«Վստահ եմ, որ մեր մեծ պայմանագրի ստորագրումը մեծ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, եւ դա ամուր հիմք կդառնա հետագա առաջընթացի համար։
Մոսկվա կատարած այցից առաջ մենք նաեւ վերանայել ենք մի շարք պայմանավորվածություններ եւ համաձայնագրեր, որոնք ձեռք էին բերվել մեր երկրների միջեւ, որտեղ կային ոչ մեծ սխալներ եւ ուշացումներ։ Մենք փորձել ենք վերացնել այս բոլոր սխալներն ու ուշացումները։ Ուրախ եմ ասել, որ մեր նախարարներն ու փորձագետները քննարկում են բոլոր հարցերը, եւ վստահ եմ, որ այսօրվա ընթացքում նրանք կպայմանավորվեն, թե ինչպես դրանք առաջ տանել։ Ես աշխատել եմ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի մեր կողմից առկա բոլոր խնդիրները վերացվեն մինչ այսօր։ Կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն եւ համապարփակ են»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: