Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «տարակուսելի է Հայաստանի չափազանց հուզական բացասական արձագանքը ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակված լրագրողի արտահայտություններին Զանգեզուրի միջանցքի մասին»։
«Երեւանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, եւ, ավելին, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել: Սա՝ առաջին հերթին, եւ երկրորդը, մեր պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է Երեւանին, մենք բազմիցս այն բարձրաձայնել ենք»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի խոսքերը։
Դիվանագետը հիշեցրել է, որ «ռուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ ամենաբարձր մակարդակով ձեռքբերված եռակողմ համաձայնությունների հիման վրա»։
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում», - Զախարովան մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության 9-րդ կետը։
«Հենց այս տրամաբանությունն է դրված Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում։ Խմբի շրջանակներում հնարավոր եղավ հասնել զգալի գործնական արդյունքների եւ մոտենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման վերականգնմանը։ Եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն եւ իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ «հայկական կողմի որոշումների վրա Արեւմուտքի ապակառուցողական ազդեցության հետեւանքով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը կանգ է առել»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: