Հրաժեշտի ելույթում Բայդենը խոսել է օլիգարխիայի, սոցցանցերի եւ ԱԲ վտանգների մասին - Mediamax.am

350 դիտում

Հրաժեշտի ելույթում Բայդենը խոսել է օլիգարխիայի, սոցցանցերի եւ ԱԲ վտանգների մասին


Լուսանկարը` cnn.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի պաշտոնում իր հրաժեշտի ելույթում Ջո Բայդենը զգուշացրել է Ամերիկայում օլիգարխիայի աճող վտանգի մասին:

Բայդենը վտանգավոր է որակել իշխանության կենտրոնացումը «մի քանի գերհարուստների» ձեռքում։

 

«Այսօր Ամերիկայում օլիգարխիա է ի հայտ գալիս, որն ունի ծայրահեղ հարստություն, իշխանություն եւ ազդեցություն, որը բառացիորեն սպառնում է մեր ժողովրդավարությանը, մեր հիմնարար իրավունքներին և ազատություններին», - ասել է ԱՄՆ նախագահը։

 

CNN-ը նշում է, որ Բայդենը անուններ չի նշել, սակայն նրա թիրախներն ակնհայտ էին՝ Դոնալդ Թրամփը եւ Իլոն Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, ով շուտով Սպիտակ տանը ուղիղ հասանելիություն կստանա։

 

«Ինձ մտահոգում է նաեւ տեխնոլոգիական-արդյունաբերական համալիրի աճը, որը կարող է իրական վտանգ ներկայացնել մեր երկրի համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։

 

«Ամերիկացիները խեղդվում են ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների հեղեղի մեջ, ինչը նպաստում է նաեւ իշխանության չարաշահմանը: Ազատ մամուլը փլուզվում է, խմբագիրները վերանում են։ Սոցիալական մեդիան հրաժարվում է փաստերի ստուգումից։ Ճշմարտությունը թաքնված է ստի տակ, որը տարածվում է իշխանության եւ շահի համար: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք սոցիալական հարթակներին՝ պաշտպանելու մեր երեխաներին, մեր ընտանիքներին եւ մեր ժողովրդավարությունը իշխանության չարաշահումներից»,- ընդգծել է պաշտոնը թողնող նախագահը։

 

Ջո Բայդենը զգուշացրել է նաեւ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հետ կապված «մեծ հնարավորությունների եւ վտանգների» մասին։

 

«Արհեստական բանականությունը մեր ժամանակի, թերեւս՝ բոլոր ժամանակների ամենակարեւոր տեխնոլոգիան է: Ոչինչ այդքան մեծ հնարավորություններ ու ռիսկեր չի պարունակում մեր տնտեսության ու անվտանգության, մեր հասարակության, մարդկության համար։ Արհեստական բանականությունը կարող է օգնել վերջ տալ քաղցկեղին, բայց եթե երաշխիքներ չկիրառվեն, արհեստական բանականությունը կարող է նաեւ նոր սպառնալիքներ ստեղծել մեր իրավունքների եւ ապրելակերպի համար», - զգուշացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին