Նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստան-ԵՄ նոր օրակարգի ընդունումը - Mediamax.am

Մարտ 04, 2026
4385 դիտում

Նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստան-ԵՄ նոր օրակարգի ընդունումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 5-ին Վալետայում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների եւ ներկայացուցիչների հետ։

Նորդիկ-Բալթյան երկրների ձեւաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան եւ Նորվեգիան։

 

Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն.

 

«Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը եւ ամուր աջակցություն հայտնեցին Հայաստանի՝ ԵՄ-ի եւ նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։

 

Հայաստանը կիսում է այն ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, որոնք դրված են նորդիկ-բալթյան եւ եվրոպական համայնքների հիմքում։ Նորդիկ-Բալթյան երկրները բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին եւ շարունակելու են աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։

 

ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր եւ հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը՝ Եվրոպական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդելու վերաբերյալ եզրակացություններին համահունչ։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում են ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության բոլոր երեք հարթակներում։

 

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, եւ ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը»։




Մեր ընտրանին