Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարարներն այսօր հայտարարություն են ընդունել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Դրանում ասված է.
«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանի ընթացիկ իրավիճակով։ Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրությունների օրը խախտումների մասին: Մենք դատապարտում ենք ազատ և արդար ընտրությունների միջազգային նորմերի բոլոր խախտումները։ Մենք կիսում ենք նրանց մտահոգությունները և պահանջում բողոքների անաչառ քննություն և հայտնաբերված խախտումների վերացում։
Այս դժվարին պահին մենք վրացիների կողքին ենք: Կարևոր է, որ բողոքի ակցիաները և դրանց նկատմամբ կառավարության արձագանքը խաղաղ լինեն: Ընտրական ամբողջականության խախտումները անհամատեղելի են այն չափանիշների հետ, որոնք սահմանված են Եվրամիության թեկնածու երկրի համար։ Դրանք վրաց ժողովրդի օրինական եվրոպական ձգտումների դավաճանություն են հանդիսանում։
Օրենքի գերակայության պահպանումը և ազատ ու արդար ընտրությունները անբաժանելի են ԵՄ ճանապարհին Վրաստանի ցանկացած առաջընթացի համար: Մենք քննադատում ենք վարչապետ Օրբանի վաղաժամ այցը Վրաստան: Նա չի խոսում ԵՄ-ի անունից»:
Հայտարարությունը ստորագրել են Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի. Լիտվայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Շվեդիա, Լատվիայի եւ Իսպանիայի նախարարները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: