Բաքուն պայման է դնում ԱՄՆ-ում բանակցություններին իր մասնակցության համար - Mediamax.am

5926 դիտում

Բաքուն պայման է դնում ԱՄՆ-ում բանակցություններին իր մասնակցության համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

 

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի մոտեցումը, որն ավելի վաղ հնչեցրել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, «հավասարակշռված չէր»։

 

«Դա միակողմանի մոտեցում էր, որն անհանգստություն էր առաջացրել Ադրբեջանում»,- ասել է Ալիեւի օգնականը։

 

Մեդիամաքսը նշում է, որ Ջեյմս Օ'Բրայենի դեկտեմբերի սկզբին Բաքու կայացած այցից հետո ամերիկյան կողմը հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին ընդունելու պատրաստակամության մասին։

 

Հիքմեթ Հաջիեւը նաեւ հայտարարել է, որ Բաքուն կողմ է Երեւանի հետ ուղիղ բանակցություններին։ «Միեւնույն ժամանակ, մենք չենք հրաժարվում միջնորդական ջանքերից»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։

 

Հաջիեւը նշել է, որ վերջին երեք ամիսները կարելի է համարել ադրբեջանա-հայկական հարաբերությունների պատմության ամենահանդարտ շրջանը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր։

 

«Հարաբերական խաղաղությունն ապահովված է, հիմա ժամանակն է այն վերածել երկարաժամկետ խաղաղության՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- հավելել է Հաջիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին