Միրզոյան. Տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է միանշանակ լինի - Mediamax.am

5021 դիտում

Միրզոյան. Տարածքային ամբողջականության ճանաչումը պետք է միանշանակ լինի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Հարավային Կովկասում երկարատեւ եւ մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաեւ այլատյաց քաղաքականության բացառումը»:

«Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, եւ ավելի քան 100 հազար հայ ստիպված եղավ իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվել ԼՂ-ից, լքել պատմական հայրենիքը եւ այժմ որպես փախստական ապաստան գտել ՀՀ-ում»,- Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ տարածաշրջանում հարատեւ խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն, գործուն քայլեր եւ հրաժարում առավելապաշտական նկրտումներից.

 

«Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, եւ իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991-ին Ալմա Աթայի հռչակագրի եւ ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա»:

 

Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն էլ ասել է, որ խաղաղության պայմանագիրը տարածաշրջանում հաջորդ տասնամյակների ընթացքում կապահովի խաղաղ տնտեսական զարգացում.

 

«Տարածաշրջանի բոլոր բնակիչներն արժանի են, որ տասնամյակներ տառապելուց հետո այստեղ խաղաղություն եւ անդորր տիրեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին