Բլինքեն. ԱՄՆ-ը խրախուսում է երկխոսությունը «Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջեւ» - Mediamax.am

2736 դիտում

Բլինքեն. ԱՄՆ-ը խրախուսում է երկխոսությունը «Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջեւ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 10-ին «Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը» վերնագրված հայտարարություն է տարածել։

Դրանում ասվում է.

 

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են Լաչինի եւ Աղդամի երթուղիների մոտ, եւ կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ եւ միաժամանակ բացել երկու միջանցքները՝ ապահովելու համար խիստ անհրաժեշտ մարդասիրական պաշարների առաքումը Լեռնային Ղարաբաղում գտնվող տղամարդկանց, կանանց եւ երեխաներին։ Նաեւ կոչ ենք անում առաջնորդներին չձեռնարկել որեւէ գործողություններ, որոնք կարող են մեծացնել լարվածությունը կամ շեղել այդ նպատակից: Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է:

 

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի լույսի ներքո Միացյալ Նահանգները կշարունակի հաստատակամորեն աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու չլուծված խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով՝ արժանապատիվ եւ տեւական խաղաղության հասնելու համար: Կրկնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Նաեւ խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների  միջեւ։

 

Միացյալ Նահանգները վերահաստատում են, որ առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին