Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը հիշեցրել է, որ ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով:
«Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- Ալեն Սիմոնյանի խոսքերը մեջբերում է Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը:
















