Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները - Mediamax.am

1849 դիտում

Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ամփոփել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման արդյունքները։

Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկումները եղել են «անկեղծ, բաց եւ արդյունքների վրա կենտրոնացած»։

 

«Մենք դիտարկել ենք օրակարգի բոլոր հարցերը։ Հետեւելով Միացյալ Նահանգներում արձանագրված դրական բանակցություններին, պետք է պահպանել դրական ընթացքը եւ որոշիչ քայլեր ձեռնարկել համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

 

Սահմանային հարցերում մենք դիտարկել ենք առաջընթացը եւ հետագա քայլերը՝ սահմանազատման վերաբերյալ։ Այս համատեքստում ղեկավարները համաձայնել են վերականգնել սահմանային հարցերով երկկողմ հանդիպումները։ Ղեկավարները վերահաստատել են, որ անվերապահորեն ճանաչում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր սահմաններում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 89 600 քառակուսի կիլոմետր սահմաններում։

 

«Կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման քննարկումներում։ Նրանց դիրքորոշումները հիմա չափազանց մոտ են միմյանց, մասնավորապես, դեպի Նախիջեւան եւ դրա միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգման հարցում։ Կողմերն իրենց թիմերին հանձնարարել են ավարտին հասցնել բանակցությունները երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ հստակ ժամանակացույցով», - ասել է Միշելը։

 

«Շարունակել ենք քննարկումները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող հայերի իրավուքների եւ անվտանգության վերաբերյալ։ Ես Ադրբեջանին խրախուսել եմ ներգրավվել դրական օրակարգի ձեւավորման հարցում, որի նպատակը կլինի այս բնակչության իրավուքների եւ անվտանգության երաշխավորումը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Նաեւ բարձրացրել եմ Բաքվի եւ այս բնակչության միջեւ թափանցիկ եւ կառուցողական երկխոսության կարեւորությունը», - նշել է Եվրոպական Խորհրդի նախագահը։

 

Շառլ Միշելն ասել է, որ Փաշինյանը եւ Ալիեւը կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին, իսկ հունիսի 1-ին Քիշնեւում կկայանա նրանց հանդիպումը Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին