Զախարովան քննադատել է Փաշինյանի հայտարարությունները - Mediamax.am

3869 դիտում

Զախարովան քննադատել է Փաշինյանի հայտարարությունները


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան «Հայաստանի ղեկավարության խղճին է թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, Զախարովան ասել է.

 

«Կարիք չկա երեւակայություններով զբաղվել։ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ շարադրված են Ռուսաստանի Դաշնության եւ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ստանձնած բոլոր պարտավորությունները: Պետք է բացել այդ փաստաթուղթը եւ տեսնել, թե ինչ պարտավորություններ ունի Ռուսաստանը եւ ինչպիսիք չունի: Ամեն ինչ պարզ կդառնա:

 

Ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտան էսկալացիա եւ կայունացնեն իրավիճակը իրենց պատասխանատվության գոտում։ Սակայն այս հարցում շատ բան կախված է նաեւ ներգրավված բոլոր կողմերի գործողություններից եւ հայտարարություններից: Այս հայտարարությունները պետք է լինեն կառուցողական եւ միտված լինեն ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հիմնական նպատակին, այն է՝ խաղաղության եւ կայունության հաստատմանը, մենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա։

 

Փորձում ենք դա անել դիվանագիտական ճանապարհով, ոչ թե տուրք տալով դիվանագիտության ավանդույթներին, այլ դրված հիմնական նպատակին հասնելու համար՝ խաղաղություն, կայունացում։

 

Հայաստանի ղեկավարության այս հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես 2022 թվականի հոկտեմբերին Եվրոպական միության հովանու ներքո Պրահայում կայացած գագաթնաժողովում որդեգրած գծի շարունակություն»։

 

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը օբյեկտիվ պատճառներով չի կարող կատարել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի իր գործառույթը, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Զախարովան ասել է.

 

«Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ էլ պատրաստվում բացատրել այն։ Բառերի անհավանական էկվիլիբրիստիկա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին