Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է՝ «բացառում ենք ուժի կիրառման սպառնալիքներով պայմանավորվածությունները փոխելը կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը»:
Այս մասին նա ասել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսին՝ անդրադառնալով կարծիքին, թե Ադրբեջանը Լաչինի միջանցքը բացելու համար պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»:
«Եթե վերլուծենք, կտեսնենք ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ, սակայն այս նարատիվը նոր չէ, մեր դիրքորոշումը՝ նույնպես»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա նաեւ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի խոսքերը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին.
«Մեր պատասխանը հստակ է՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման սպառնալիքով մեզ համար չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Ժան Ասելբորնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար «դռներն ու միջանցքը փակելու պատճառ չեմ տեսնում, սա կապ է Հայաստանի հետ, եւ դա պետք է հարգել»:
Համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքի մեկնարկին:
Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ առաքելությունն իր դերն ունենալու է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում:
«ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարեւորում ենք միջազգային հանրության շարունակական ուշադրությունը եւ առարկայական գործողությունները: Կարեւոր ենք համարում ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Կարեւոր է նաեւ միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- ասել է նա:
Ժան Ասելբորն էլ նշել է, որ ԵՄ առաքելությունը կարող է կարեւոր դեր խաղալ եւ նվազեցնել միջադեպերի թիվը եւ բնակչության համար ռիսկերը:
«Այս առաքելությունը կարող է նաեւ կարեւորագույն տարր հանդիսանալ խաղաղության գործընթացի եւ հարաբերությունների նորմալացման համար»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: