Երեւան։ Մեդիամաքս։ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօր ասել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Սա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք։ Ֆրանսիայի եւ սենատը, եւ ԱԺ–ն ընդունել են բանաձեւեր ու դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ Լաչինի միջանցքի շրջափակումը»,- Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Յաել Բրաուն-Պիվեն:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում:
«Մեր դիրքորոշումը հստակ է. ԼՂ կարգավիճակը պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակում, իսկ միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի եւ պետք է վերականգնվի մարդկանց ազատ տեղաշարժը»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
Նա նշել է, որ Ֆրանսիան անհանգիստ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով եւ այն շրջափակումը, որ կա Լաչինի միջանցքում, մարդասիրական վտանգներ է ստեղծում։
Ֆրանսիայի ԱԺ նախագահի խոսքով՝ հնարավոր խաղաղության եւ երկխոսության ճանապարհն ամբողջովին սպառված չէ.
«Խաղաղության հասնելու համար ամեն ինչ չենք փորձել դեռ: Մեր էներգիան հարյուր տոկոսով այդ կարգավորմանն է ուղղված: Երկխոսությունից պետք չէ հրաժարվել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: