«ՄԱԿ-ում հերթական սադրանքն է պատրաստվում մեր դեմ»,- ասել է Ալիեւը - Mediamax.am

4118 դիտում

«ՄԱԿ-ում հերթական սադրանքն է պատրաստվում մեր դեմ»,- ասել է Ալիեւը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ՄԱԿ-ում մեր դեմ հերթական սադրանքն է պատրաստվում»։

«Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները հերթական հակաադրբեջանական հիստերիայի պատճառ են դարձել։ Այստեղ ոչ միայն Հայաստանը, այլ գուցե նույնիսկ ավելի շատ, նրանց հովանավորները արտերկրում, նրանց թիկունքում կանգնած պետությունները զրպարտչական արշավ են սկսել Ադրբեջանի դեմ, եւ ՄԱԿ-ում հերթական սադրանքն է պատրաստվում մեր դեմ»,- ասել է Ալիեւը դեկտեմբերի 24-ին։

 

«Արդեն մի քանի օր է՝ առանձնահատուկ եռանդով աչքի ընկնող երկրները մտադիր են իրենց հերթական կեղտոտ ծրագրերն իրականացնել մեր դեմ։ Սակայն նրանք դեռեւս ոչնչի չեն կարողանում հասնել։ Հաջորդ շաբաթ նրանք փորձելու են գործադրել բոլոր ուժերը»,- ասել է Ալիեւը։

 

Նրա խոսքով, «որոշ ուժեր իրավիճակը Լաչինի ճանապարհին ներկայացնում են խեղաթյուրված»։

 

«Դա հերթական սուտն ու զրպարտությունն է, բոլորս էլ գիտենք, թե ով է դա անում։ Նորից եմ ասում՝ Հայաստան պետությունն այստեղ առաջին շարքերում չէ։ Բայց դա մեզ ոչ մի բանից հետ չի պահի»,- ասել է Ալիեւը:

 

«Մենք դա բազմիցս ապացուցել ենք, դա ցույց էր տվել երկրորդ ղարաբաղյան պատերազմը, ցույց են տվել հետպատերազմական երկու տարիները։ Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կարող են լինել զանգեր, ինչ-որ հայտարարություններ, դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք սոսկ քաղաքական քաղաքավարությունից ելնելով: Բայց դա ամենեւին չի փոխի մեր դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին