Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.
«Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական Զինված ուժերի դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»
Հեռախոսազրույցի մասին ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ Բլինքենը ողջունել է այն «դրական քայլերը, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են կենսունակ խաղաղ պայմանագրին հասնելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: