Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 2-ին Ժնեւում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.
«Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման եւ բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարեւորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»։
Հոկտեմբերի 2-ին Ժնեւում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաեւ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
















