Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում - Mediamax.am

3784 դիտում

Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր մասնակցել է Չոլպոն-Աթա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին՝ հյուրի կարգավիճակով:

Իր ելույթում Ասադովը, մասնավորապես, ասել է, որ «Բաքուն պատրաստ է շարունակել ստեղծել բոլոր պայմանները ԵԱՏՄ-ի գործընկերների համար՝ օգտագործելու Ադրբեջանի տարանցիկ ներուժը»։

 

Նրա խոսքով, Ադրբեջանը սերտ երկկողմ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության մեջ է ԵԱՏՄ անդամ «գրեթե բոլոր» երկրների հետ։

 

Ադրբեջանի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը տարածաշրջանի գործընկերների հետ միասին մասնակցում է մի շարք նախաձեռնություններին եւ նախագծերին, որոնք ուղղված են տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, տարածաշրջանային եւ մայրցամաքային առեւտրի ամրապնդմանը:

 

«Մեր երկրի տարածքով տարբեր երթուղիներով բեռնափոխադրումների տարեկան աճ ենք տեսնում։ Այս տարվա 6 ամսում տարբեր միջանցքներով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է ավելի քան 50%-ով»,- ասել է նա։

 

Ասադովը նշել է, որ երկրներն ու մայրցամաքները կապող տրանսպորտային նախագծերի շրջանակներում համագործակցությունը կնպաստի կայուն, բարգավաճ, արժանապատիվ եւ կանխատեսելի ապագային ողջ եվրասիական տարածքում։

 

«Այս թեզը ամրացնում են տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունները, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ նոր տրանսպորտային եւ առեւտրային ուղիների բացման համար»,- հավելել է Ադրբեջանի վարչապետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին