Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Թվիթերի իր միրոբլոգում արձագանքել է դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը «Հարավային Ադրբեջանի եւ Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին»։
«Էրդողանին չեն տեղեկացրել, որ այն, ինչն ինքը աղավաղված մեջբերել է Բաքվում, վերաբերում է Արաքսից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն:
Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»,- գրել է Զարիֆը։
Մեդիամաքսը մեկնաբանություն է խնդրել իրանագետ Վարդան Ոսկանյանից:
«Զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահը հատված է արտասանել Բախտիյար Վահաբզադեի պոեմից՝ Արաքս գետի մասին հիշատակմամբ, որն իրանական կողմում ակնհայտորեն հասկացել են որպես հստակ ուղերձ:
Պանթյուրքական ծրագրի շրջանակում գոյություն ունի այսպես կոչված «Հարավային Ադրբեջան»-ի խնդիր, որը ենթադրում է, որ Արաքսով կիսված երկու Ադրբեջանները պետք է միավորվեն: Էրդողանի արտասանումն իրանական կողմը ընկալել է որպես հավակնություններ Իրանի հյուսիսային շրջանների՝ Ատրպատականի հանդեպ»,- ասել է իրանագետը:
Նրա խոսքով՝ Իրանի արտգործնախարարի նման կոշտ արձագանքը շատ բնական էր, քանի որ իրանցիների համար Ատրպատականը կենսական տարածք է:
«Այն շատ կարեւոր տարածք է նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում»,- նշել է Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ երեկվա ելույթում Էրդողանը թիրախավորեց ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ՝ Իրանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: