Երեւան: Մեդիամաքս: Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Էմանյուել Մակրոնը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:
Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների եւ ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ կարեւորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
















