Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել Եվրամիության դիրքորոշման քննադատությամբ:
«Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ եւ միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, եւ անտեսել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները եւ Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։
Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել եւ կորուստներ է պատճառել Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությունը սնում է ատելությամբ եւ հայատյացությամբ, ինչի դաժան դրսեւորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։
Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները եւ կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որեւէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։
Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային սովորութային իրավունքի խախտումները», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: