Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը 48 կոնգրեսականների ստորագրությամբ նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Նյու Յորքում սեպտեմբերին նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։
«Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ զրույցը, որը կընդգծի տնտեսական զարգացումը, անվտանգությունը եւ ժողովրդավարությունը, շատ կարեւոր հիմք կդառնա մեր երկրների ռազմավարական համագործակցության համար»,- ասել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։
ԱՄՆ նախագահին ուղղված նամակում մասնավորապես ասված է.
«Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ անցումը հստակ արտահայտում է հայ ժողովրդի կամքը եւ պատրաստակամությունը՝ ունենալ ավելի արդար եւ ժողովրդավար պետություն։ Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կառավարության թափանցիկությունը, ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները եւ հզորացնել քաղաքացիական հասարակությունը, ապա ԱՄՆ-ի համար կարեւոր է խորացնել իր կապերը տարածաշրջանային այս գործընկեր երկրի հետ կառավարական բոլոր մակարդակներով»։
















