ԵՄ. Հայաստանի ընտրությունները արտացոլում են ժողովրդի կամքը - Mediamax.am

9198 դիտում

ԵՄ. Հայաստանի ընտրությունները արտացոլում են ժողովրդի կամքը


Մայա Կոչիյանչիչը
Մայա Կոչիյանչիչը

Լուսանկարը` http://image.tsn.ua


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ ապրիլի 2-ին Հայաստանում կայացած Ազգային Ժողովի ընտրությունները «արտացոլում են ժողովրդի կամքը»:

«Միջազգային դիտորդական առաքելության նախնական գնահատականների համաձայն, ընտրությունները լավ էին կազմակերպված եւ հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են: Սակայն ընտրությունների վրա ստվեր են գցել արժանահավատ տեղեկությունները ընտրակաշառքի, քաղծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին, ինչն ազդել է ընտրական գործընթացի հանդեպ մարդկանց վստահության վրա: Այդուհանդերձ, ընտրությունների արդյունքները արտացոլում են ժողովրդի ընդհանուր կամքը», - ասել է Մայա Կոչիյանչիչը:

 

«Եվրոպական միությունը հավատարիմ է կայուն, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի կերտմանը Հայաստանի համար: Ընտրական գործընթացն ավարտված է, եւ մենք մտադիր ենք աշխատել ժողովրդավարական կերպով ընտրված Ազգային Ժողովի եւ Կառավարության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը ամրապնդելու եւ վերջերս նախաստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներին աջակցելու համար», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը:

 

Մարտին Մեդիամաքսին տված հարցազրույցում Մայա Կոչիյանչիչն ասել էր, որ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ առաջիկայում ստորագրվելիք նոր համաձայնագիրը «հավակնոտ է, եւ ամրապնդելու է համագործակցությունը»։

 

«Նորացված համաձայնագիրը ընդլայնելու է ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով երկու կողմերի նոր գլոբալ, քաղաքական եւ տնտեսական շահերը, եւ այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել»,- ասել էր նա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին