Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը - Mediamax.am

46268 դիտում

Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի Բունդեսթագն այսօր քննարկել եւ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

«101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» բանաձեւը մշակվել էր Քրիստոնեա-դեմոկրատների, Քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից:

 

Բանաձեւը ոչ միայն ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ոճիրը որպես ցեղասպանություն, այլեւ մատնանշում է այդ հանցագործությունում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:

 

«Հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանության, եւ այո՛, ցեղասպանության, օրինակ է: Խորհրդարանը ցավում է գերմանական կայսրության ամոթալի դերի համար: Որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից՝  Գերմանիան, տեղյակ լինելով հայերի հանդեպ ծրագրվող ոճիրի մասին, չի միջամտել՝ կանխելու մարդկության դեմ այդ հանցագործությունը»,- ասված է բանաձեւի տեքստում:

 

Թեեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի գտնվել Բունդեսթագում բանաձեւի քննարկմանը, նախորդ օրը կանցլերի մամուլի խոսնակ Քրիստիան Վիրցը գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, որ կանցլերը սատարում է Հայոց ցեղասպանության բանաձեւը:

 

Գերմանիայի Բունդեսթագը 2005 թ.-ին ընդունել էր Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի եւ տեղահանության մասին բանաձեւ, որում, սակայն, չէր օգտագործվել «ցեղասպանություն» եզրույթը: 

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2015 թ.- ի ապրիլի 24-ի նիստի ընթացքում, որին  մասնակցել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագը որոշել էր  հետաձգել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը:

 

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերթն այդ օրը շուրջ երկու ժամ տեւած քննարկումների ընթացքում հայտարարել էր, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր» եւ «իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել զոհերի սերունդների համար արդարությունը»:

 

Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը Բունդեսթագում ներկայացվել էր նաեւ 2016 թ.-ի փետրվարին, սակայն չէր դրվել քվեարկության՝ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ փախստականների ճգնաժամի վերաբերյալ բանակցային գործընթացը չվտանգելու պատճառաբանությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին