Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր ասել է, որ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաստատված հաշտությունը կարող է լավ օրինակ դառնալ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին դեսպանն ասել է՝ Երեւանի պետական համալսարանում ելույթ ունենալով Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված «Խաղաղության կորստից մինչեւ Եվրոպական միության հիմնումը» թեմայով համաժողովի ընթացքում:
«Առաջին hամաշխարհային պատերազմից Եվրոպայի քաղած ամենամեծ դասն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Փոխզիջումների գնալն է երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման սկիզբը, եւ սա հատկապես վառ արտահայտվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաստատված հաշտության օրինակով: Հաշտության հաստատման եվրոպական այս փորձը կարող է կիրառելի լինել նաեւ Հարավային Կովկասի համար»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին:
Ռայներ Մորելի խոսքերով, հաշտության հասնելու համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի կամքը, որն, ըստ դեսպանի, պետք է «թելադրվի ոչ միայն վերեւից (երկրի ղեկավարությունից – խմբ.), այլեւ ներքեւից»:
«Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի պատմական իրավիճակում են գտնվել Գերմանիայի եւ Ֆրանսիայի ժողովուրդները, եւ քաղաքական գործիչներն էին, որոնք իրավիճակը փոխելու կամք դրսեւորեցին: Եթե նայենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տիրող իրավիճակին, պետք է խոստովանել, որ այն իսկապես բարդ է: Հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է պահպանել զինադադարը: Սակայն երկու երկրներ հաշտեցման ճանապարհին անհրաժեշտ է հավելյալ քայլեր անել՝ սկսելով երկխոսությունից: Կողմերից հնչող հռետորաբանության մեջ կան որոշակի արտահայտություններ, որոնց կարիքը պարզապես չկա: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս միջոցառման պես մի բան կազմակերպել նաեւ Բաքվում, որպեսզի այնտեղ էլ մարդիկ դասեր քաղեն»,- ասել է Ռայներ Մորելը:
Դեսպանի համոզմամբ, 1914 թ.-ը եւ 2014 թ.-ը տարբերվում են նրանով, որ միջազգային հանրությունը արդեն ստեղծել է հակամարտությունների լուծման համապատասխան գործիքներ, որոնցից մեկն է ԵԱՀԿ-ն:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով եւս ելույթով հանդես է եկել համաժողովին, ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ եւ Եվրամիությունը միշտ օգտագործել են բոլոր առիթները եւ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաեւ զինադադարի խախտումները:
«Մենք մշտապես ասել ենք եւ կրկնում ենք՝ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: