Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով Հայաստանն իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության եւ կայունության գործին:
Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Կոլումբիայի համալսարանում հանդես գալով դասախոսությամբ:
«Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա: Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվտանգության հենասյուներից է: Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության եւ կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում», - ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, «որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաեւ հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»:
«Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Եվրոպական Միության հետ համակողմանի համագործակցությունն ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ ձեւաչափով: Եվրամիության եւ արեւմուտքի աջակցության շնորհիվ մեր երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման եւ շատ այլ կարեւոր ոլորտներում: Համոզված եմ՝ դրանք շարունակական բնույթ են կրելու: Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ բարեփոխումների նպատակն այս կամ այն կառույցին ինտեգրվելը չէ. դրանք առաջին հերթին մեզ են պետք», - ասել է Հայաստանի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: