Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը խոշոր ծավալներով զենք եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերում Ռուսաստանից, Իսրայելից եւ Ուկրաինայից, մինչդեռ Հայաստանի զենքի հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Երեւանը նախապես տեղեկացվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալների եւ տեսակների մասին, ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ այս հարցը « դուրս է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներից »:
Անդրադառնալով այն հարցին, որ նաեւ ռուսական արտադրության զինատեսակների ձեռքբերմամբ Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի դրույթները` Սամվել Մկրտչյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը 2007-ից սառեցրել է իր անդամակցությունը այդ պայմանագրին եւ չի առաջնորդվում դրանում նշված սահմանափակումներով:
«Ռուսաստանն այդ պայմանագրի շրջանակներում այլեւս պարտավորություններ չունի»,- ասել է դիվանագետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: