«Չխուսափենք պատասխանատվությունից». Սիրանուշի հորդորը հասակակիցներին - Mediamax.am

Հունվար 12, 2026
exclusive
102 դիտում

«Չխուսափենք պատասխանատվությունից». Սիրանուշի հորդորը հասակակիցներին


Արփի Ջիլավյանը զրուցում է Սիրանուշ Մանթաշյանի հետ
Արփի Ջիլավյանը զրուցում է Սիրանուշ Մանթաշյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Մանթաշյանը
Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Մանթաշյանը
Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Մանթաշյանը
Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Մանթաշյանը
Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորս կյանքի վրա:

 

2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։

 

«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու: 

 

Մեր առաջին զրուցակիցն է 21-ամյա Սիրանուշ Մանթաշյանը Դիլիջան քաղաքից։

 

«Հասկանալ ձայնի արժեքը»

 

Սիրանուշն ապագա լրագրող է: Ասում է՝ ընտրություններն իրեն հետաքրքիր են ոչ միայն առաջին անգամ մասնակցելու, այլեւ՝ մասնագիտական տեսանկյունից. 

 

«Լրագրողների ազդեցությունը շատ մեծ է, քանի որ նաեւ տեղեկատվության հասանելիությունն ու որակն են որոշում՝ քաղաքացին որքան գիտակցված կմասնակցի ընտրություններին եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր ձայնը»:

Սիրանուշ Մանթաշյանը Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշը սովորում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նրա համար այս մասնագիտությունը լավագույն միջոցներից է, որով կարող է ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլեւ կապող օղակ դառնալ դրանց լուծման ճանապարհին. 

 

«Այդ ամենը հնարավոր է միայն մեկ պայմանով՝ տեղեկատվությունը պետք է փոխանցվի այնպես, ինչպես կա`առանց քարոզչության ու կողմնակալության, որպեսզի հասարակությունը կարողանա ինքնուրույն եւ ճիշտ եզրակացություններ անել»։

Սիրանուշ Մանթաշյանը Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե հասարակությունը տեղեկացված չէ կամ եթե ստեղծվում է տեղեկատվական վակուում, շատերը պարզապես քվեարկության չեն գնա։ Այդ պատճառով լրագրողները պետք է հնարավորինս պահպանեն կապը հասարակության հետ, սովորեցնեն օգտվել պաշտոնական աղբյուրներից եւ տարբերակել վստահելի տեղեկատվությունը կեղծից։ Ճիշտ եւ պատասխանատու լրագրությունն օգնում է քաղաքացիներին դրսեւորվել ոչ միայն որպես տեղեկացված ընթերցող կամ դիտող, այլեւ որպես գիտակից քաղաքացի, որը հասկանում է իր ձայնի արժեքը», - ասում է Սիրանուշը:

 

«Չեմ երկմտում»

 

Երբ Սիրանուշին խնդրում եմ խոսել առաջին անգամ ընտրությունների գնալու իր պատկերացումներից արդեն որպես քաղաքացի, ասում է. 

 

«Մի քանի ամիս առաջ, երբ ասպարեզում տարբեր թեկնածուներ եւ ուժեր երեւացին, որոշեցի, որ անպայման պետք է մասնակցեմ ընտրություններին: Չեմ երկմտում, քանի որ գիտեմ՝ պետք է կարեւորենք մեր ձայնը: Կարծում եմ՝ ընտրություններին գնալը ոչ միայն ցանկություն պետք է լինի, այլեւ՝ պարտավորություն: Պետք է մասնակցենք, որ հետո ապրենք մեր ուզած Հայաստանում»:

 

«Հուսամ՝ 2026 թվականի ընտրություններին չքվեարկածների տոկոսը չնչին կլինի, իսկ քվեարկածների ընտրությունը՝ գիտակցաբար կատարված: Վստահ եմ՝ բոլորիս ցանկությունն է Հայաստանը տեսնել ավելի անկախ, ավելի պաշտպանված, ավելի կայուն: Սրա համար կարեւոր է գիտակցված ընտրության գնալ, կողքի դնել ցանկացած անձնական շահ»,- վստահեցնում է նա:

 

«Անձնագրերը վերցրել եք, չէ՞»

 

«Ո՞ւմ ես ընտրելու» հարցն առաջինն է հայտնվում Սիրանուշի մտքում, երբ նա հիշում է մեծերի խոսակցությունները՝ այն տարիներին, երբ ինքը դեռ ընտրելու իրավունք չուներ. 

 

«Ընտրությունների օրերը երբեք սովորական չեն եղել՝ հատկապես փոքր համայնքներում։ Այդ օրերին մարդկանց առօրյան կարծես փոխվում էր: Բոլորը փորձում էին հասկանալ՝ ով ի՞նչ դիրքորոշում ունի, ո՞ւմ է պատրաստվում ընտրել։ Հարեւանների մեջ քաղաքական թեմաներն ավելի շատ էին քննարկվում»:

 

Սիրանուշի հիշողություններում այդ օրերը նաեւ հստակ վիզուալ պատկեր ունեն՝ ձիգ ու դասական հագուկապով, կոստյումներով, լուրջ դեմքեր պաստառների վրա։ 

Սիրանուշ Մանթաշյանը Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիշում եմ, երբ մերոնք գնում էին ընտրության, միշտ իրար հարցնում էին՝ «անձնագրերը վերցրել եք, չէ՞» (ծիծաղում է-հեղ.): Այս հիշողությունները ձեւավորել են ընտրությունների մասին իմ առաջին պատկերացումները, երբ մարդիկ ավելի ակտիվ էին, քննարկում էին քարոզարշավները, թեկնածուների ելույթներն ու խոստումները»,- պատմում է նա։

 

«Չխուսափենք մեր բաժին պատասխանատվությունից» 

 

«Ընկերներիս հետ երբեմն զրուցում եմ առաջիկա ընտրությունների մասին։ Զրույցները շատ դեպքերում վերածվում են բանավեճերի, սակայն նկատում եմ՝ ընկերներիս մեծ մասը պատրաստակամ է մասնակցել ընտրություններին: Իհարկե, ունեմ նաեւ ընկերներ ու ծանոթներ, որոնք կարծում են, թե ընտրություններին գնալը որեւէ իմաստ չունի։ Ըստ իս՝ այդ մոտեցումը ձեւավորվել է կարծրատիպերի հիման վրա»,- ասում է Սիրանուշը։ 

Սիրանուշ Մանթաշյանը Սիրանուշ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա արդեն հետեւում է տարբեր ուժերին. 

 

«Փորձում եմ ծանոթանալ նրանց ծրագրերին, վերլուծել եւ «զտել» դրանք ինձ համար: Դեռ ժամանակ կա, սպասում եմ ավելի հստակ ծրագրերի ու գաղափարների ներկայացմանը»:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին