Ոստիկանությունը անտարբե՞ր է մնացել iDitord.org-ում գրանցված ահազանգերի նկատմամբ - Mediamax.am

117738 դիտում

Ոստիկանությունը անտարբե՞ր է մնացել iDitord.org-ում գրանցված ահազանգերի նկատմամբ


Սամվել Մարտիրոսյանն ու Սոնա Այվազյանը
Սամվել Մարտիրոսյանն ու Սոնա Այվազյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքացիներին ընտրախախտումներն արձանագրելու հնարավորություն տվող www.iDitord.org կայքի կողմից ստացվել է ընդհանուր առմամբ 1062 հաղորդագրություն:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախագծի համահեղինակ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոնա Այվազյանն ասել է, որ 1062 հաղորդագրություններից ոստիկանությունը քննության է առել ընդամենը 2 դեպք, ինչը վկայում է իրավապահ մարմինների անտարբեր վերաբերմունքի մասին:

 

Նա համոզմունք է հայտնել, որ խախտումների մասին հաղորդագրություններից յուրաքանչյուրը պետք է դառնար ոստիկանության կողմից քննության առարկա, քանի որ կայքը խստորեն ֆիլտրում էր ստացվող տեղեկատվությունը՝ ըստ արժանահավատության:

 

Սոնա Այվազյանն ասել է, որ ընտրախախտումների մասին կայքում հաղորդագրությունների կեսից ավելին ստացվել է հենց քվեարկության օրը: Ստացված հաղորդագրությունները, ըստ Սոնա Այվազյանի, վերաբերել են հնարավոր բոլոր խախտումներին, այդ թվում՝ ընտրացուցակներում առկա անճշտություններին, կաշառքների բաժանմանը, ընտրողների վրա ճնշման գործադրմանը, քարոզարշավին խոչընդոտելուն, ընտրական հանձնաժողովների եւ ընտրատեղամասերում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անօրինական գործողություններին, այլ բռնության դեպքերին եւ այլն:

 

Ընտրախախտումների մասին հաղորդագրությունների կեսից ավելին բաժին է ընկնում Երեւանին, որին հաջորդում են Գյումրին, Վանաձորը, Գորիսը եւ Արմավիրը:

 

iDitord.org հարթակի համակարգող Սամվել Մարտիրոյանը, պատմելով մայիսի 6-ին կայքի վրա հաքերային գրոհի մասին, ասել է, որ կայքը 16:00-ից ենթարկվում էր ուժեղ DDօS հարձակման, եւ դրա կանոնավոր աշխատանքը հնարավոր դարձավ վերականգնել միայն ժամը 19-ին:

 

Նա նշել է, որ նույն օրը լայնածավալ հարձակման էին ենթարկվել նաեւ ռուսաստանյան լրատվական կայքերը, մասնավորապես, «Կոմերսանտ»-ի եւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, եւ ուշագրավ է, որ «Էխո Մոսկվի»-ի եւ iDitord.org կայքերի վրա հարձակումները տեղի էին ունենում նույն համակարգիչներից:

 

«Դա կարող է ոչինչ չնշանակել, քանի որ հարձակում գործողները պարզապես պատվեր են իրականացնում, իսկ iDitord-ի պարագայում որպես պատվիրատու կարող էր հանդես գալ ցանկացած քաղաքական ուժ, բացառությամբ, երեւի թե, Միավորված Հայեր կուսակցության», - կատակել է Սամվել Մարտիրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին