Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից, Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը Երեւանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը:
Հաղորդման համաձայն, Վարդանը մոտեցել է լրագրողին, դիտավորյալ հարվածելով նրա ձախ ձեռքին, գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով մասնագիտական գործունեությանը”:
Ոստիկանությունից հայտնել են, որ «արդեն պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը, այժմ պարզվում է նաեւ հասցված վնասի չափը»:
Ոստիկանությունը, սակայն, «ոմն Վարդանի» ազգանունը, կամ այլ տեղեկություններ չի հրապարակել:
















