“Ընտրությունը քոնն է” ՀԿ-ն արձանագրել է “մտահոգիչ փաստեր” - Mediamax.am

Փետրվար 27, 2026
110654 դիտում

“Ընտրությունը քոնն է” ՀԿ-ն արձանագրել է “մտահոգիչ փաստեր”


Հարություն Համբարձումյանը
Հարություն Համբարձումյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: "Ընտրությունը քոնն է” հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն այսօր ասել է, որ մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում իրենց դիտորդներն արձանագրել են "մտահոգիչ փաստեր”, սակայն ստացված արդյունքների վրա դրանց ազդեցությունը գնահատել չի կարող:

Որպես այդպիսի փաստ նա առանձնացրել է որոշ ընտրատեղամասերում անհայտ անձանց կողմից ընտրողների ուղղորդումը, ընտրատեղամասերից դուրս քվեարկած անձանց հաշվառումը, ընտրատեղամասի շուրջ մարդկանց կուտակումները, եւ այլն:

 

“Օրինակ, Սյունիքի մարզի թիվ 38/40 ընտրատեղամասում զինծառայողները քվեարկել են իրենց հրամանատարի ներկայությամբ, ով քվեարկության ողջ ընթացքում գտնվել է ընտրատեղամասում, իսկ 41/16 ընտրատեղամասում անհայտ անձինք ուղեկցել են ընտրողներին”,- նշել է նա:

 

Հարություն Համբարձումյանը միաժամանակ ասել է, որ “այս ընտրությունները հեռու են կատարյալ լինելուց, սակայն նախորդ ընտրական գործընթացների համեմատ երկրում աննախադեպ աճ է գրանցվել”:

 

Կազմակերպության 4000 դիտորդները հետեւել են ընտրությունների գործընթացին 1975 ընտրատեղամասերում: Արձանագրված խախտումների մանրամասները ներկայացված են “Ընտրությունը քոնն է” ՀԿ պաշտոնական կայքում:




Մեր ընտրանին