«Ուսուցիչների առաջնորդություն» երկամյա ծրագիրը դարձել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» շարժման աշխատանքի առանցքային ուղղությունը։
Շարժման նպատակն է քայլ առ քայլ փոխակերպել համայնքները՝ բացահայտելով երկրի ներուժը եւ նպաստելով արդար ու կայուն ապագայի կառուցմանը։
Նախաձեռնության հիմքում պարզ, բայց հիմնարար գաղափար է՝ Հայաստանի յուրաքանչյուր երեխա պետք է ունենա որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական պայմաններից։
«Ուսուցիչների առաջնորդություն» երկամյա ծրագրի շրջանակում կազմակերպությունը ներգրավում է ավարտական կուրսի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ առանց մանկավարժական կրթության, վերապատրաստում է նրանց եւ երկու տարով ուղարկում աշխատելու մարզերի դպրոցներում եւ գյուղական համայնքներում։
Լուսանկարը` «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
«Մենք ապահովում ենք մասնակիցներին անհրաժեշտ պատրաստվածությամբ եւ որակավորմամբ, որից հետո նրանք դառնում են լիիրավ ուսուցիչներ տեղական դպրոցներում», – նշում է կազմակերպության մարդկային ռեսուրսների եւ մշակույթի բաժնի ղեկավար Տաթեւիկ Կարապետյանը։
Հայաստանում ուսուցիչների պակասը հատկապես սուր է մարզերում, առավել եւս՝ բնագիտական եւ մաթեմատիկական առարկաների ոլորտում, որտեղ թափուր աշխատատեղերի կեսից ավելին մնում է չլրացված։ Խնդիրը համակարգային է. այս մասնագիտությունները քիչ են ընտրվում բուհերում, իսկ շրջանավարտները հաճախ կրթության փոխարեն նախընտրում են այլ ոլորտներ։
Լուսանկարը` «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
Ծրագրին միանալով՝ մասնակիցները կարող են բուհն ավարտելուց առաջ կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու փուլում ձեւավորել իրենց կարիերայի հաջորդ քայլը, զարգացնել մասնագիտական եւ առաջնորդական հմտությունները մշտական մենթորության միջոցով եւ մասնակցել ինչպես հիմնադրամի, այնպես էլ Teach for All միջազգային ցանցի ծրագրերին։
Մասնակիցներին տրամադրվում է մանկավարժական 30 կրեդիտ, ԵՊՀ-ում անվճար մագիստրատուրայի հնարավորություն, ինչպես նաեւ ամսական 200 000 դրամ ֆինանսական աջակցություն՝ ի հավելում դպրոցի աշխատավարձի։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է ոչ թե միայն արտաքին նախաձեռնությունների միջոցով, այլ հենց դպրոցական համակարգի ներսում։
Լուսանկարը` «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»
«Մեր մասնակիցները դառնում են դպրոցի լիիրավ անդամներ եւ ձգտում են բարելավել համակարգը ներսից՝ բարձրացնելով կրթության որակը եւ հասանելիությունը մարզերում», – ընդգծում է Տաթեւիկ Կարապետյանը։
ՏՏ ոլորտի մասնագետները եւս ավելի ճկուն ձեւաչափով ծրագրին միանալու հնարավորություն ունեն։ ՏՏ ոլորտի մասնագետները կարող են շարունակել իրենց հիմնական աշխատանքը հեռավար եւ միաժամանակ մասնակցել ծրագրին՝ 1+1 տարվա փորձառության մոդելով։ Այս ձեւաչափը թույլ է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիքներն ու փորձը դպրոցականներին, այլեւ նպաստել ապագա ծրագրավորողների եւ գիտնականների սերնդի ձեւավորմանը։














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: