«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ «ԱՄԻՕ Բանկ»-ը կրթաթոշակային ծրագիր են սկսում - Mediamax.am

657 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ «ԱՄԻՕ Բանկ»-ը կրթաթոշակային ծրագիր են սկսում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «ԱՄԻՕ ժամանակաշրջան» կրթաթոշակային ծրագրի մեկնարկի վերաբերյալ։

Այս նախաձեռնության նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին՝ տրամադրելով մեկ տարվա ուսման վարձի ամբողջական փոխհատուցում։

 

Ծրագիրը նախատեսում է աջակցել 1-ին, 2-րդ եւ 3-րդ կուրսերի այն ուսանողներին, ովքեր կանցնեն խիստ ընտրության երեք փուլ՝ մոտիվացիոն նամակների ուսումնասիրություն, հարցազրույց եւ եզրափակիչ փուլ՝ մրցութային ֆորմատով։ 

 

Ընտրության գործընթացը կիրականացվի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ «ԱՄԻՕ Բանկ»-ի համատեղ ուժերով՝ ապահովելով թափանցիկություն, անաչառություն եւ հավասար հնարավորություններ։

 

Ծրագիրը միավորում է երկու կազմակերպությունների ջանքերն՝ ուղղված կրթության մատչելիության բարձրացմանը եւ Հայաստանի ապագա մասնագետների խթանմանը։ «ԱՄԻՕ Բանկ»-ը եւս մեկ անգամ վերահաստատում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաքելությունը՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը։

 

«Այս համագործակցությունը խոստում է Հայաստանի ապագայի հանդեպ։ Մենք միասին քանդում ենք ֆինանսական խոչընդոտները եւ ճանապարհ բացում՝ երիտասարդներին հնարավորություն տալու իրենց ողջ ներուժով զարգանալու»,- նշեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

 

Ուսման վարձավճարները կփոխանցվեն ուղղակիորեն ուսանողների բուհերին՝ բոլոր փուլերն անցնելուց հետո։ Կողմերը պարբերաբար կգնահատեն ծրագրի ընթացքը եւ կքննարկեն բարելավման հնարավոր ուղիները։ Բացի այդ, կողմերը կարող են նաեւ համատեղ կազմակերպել հանրային իրազեկման միջոցառումներ՝ կրթության դերի կարեւորության բարձրացման նպատակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին